Երեկ երեկոյան մի խումբ մարդիկ հավաքվել են Թեհրանի Ամիրկաբիր համալսարանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու ուկրաինական ինքնաթիռի զոհերի հիշատակին, սակայն հիշատակի միջոցառումները վերածվել են բողոքի ակցիայի: Այս մասին հայտնում էDaily Mail-ը:
Ցուցարարները, որոնք հիմնականում ուսանողներ և զոհերի հարազատներ են եղել, սկսել են պահանջել երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժարականը: Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ակցիան ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում անգլերենով և պարսկերենով գրառում էարել՝ նշելով, որ ակցիայի մասնակիցների կողքին է և իր վարչակազմը կշարունակի մնալ նրանց կողքին։
Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ իր Ֆեյսբուքյան էջում գրառումէ արել՝ տեղեկացնելով, որ Թեհրանում տեղի ունեցած ցույցերը առնվազն երեկվա դրությամբ դադարել են։
«Համացանցի հասանելիությունը սովորական է։ Ցույցերին մասնակցել են հիմնականում ուսանողներ և աղետի զոհերի հարազատներ, որոնք բողոքել են ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռի խոցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման՝ իրանական իշխանությունների հապաղման պատճառով»,- նշել է իրանագետը։
Ոսկանյանը նշել է, որ իրադարձության տարբերությունը բենզինի թանկացման դեմ բողոքի գործողություններից այն էր, որ դրան մասնակցել են անհամեմատ ավելի սակավաթիվ մարդիկ, և ցույցերը չեն ունեցել լայն աշխարհագրական տարածում, իսկ դրանցում ներգրավված են եղել ոչ թե հիմնականում հասարակության անապահով շերտերի, այլ միջին և ապահովված խավերի ներկայացուցիչներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







