Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Լիբիայում իրավիճակի կարգավորման համար։ Այս մասին ասված Է Անկարայում կայացած խորհրդակցությունների արդյունքում երկու երկրների տարածած համատեղ հայտարարության մեջ։
«Պայմանավորվել են քննարկել Լիբիայի հարցով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը և մոտ ժամանակներս Մոսկվայում անցկացնել խորհրդակցությունների հաջորդ փուլը», — նշվում է փաստաթղթում:
Կողմերը նաև հաստատել են Լիբիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը հավատարիմ լինելը՝ նշելով ահաբեկիչների և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անհրաժեշտությունը:
«Վերահաստատում ենք երկրում անվտանգության և կայունության հասնելու, ինչպես նաև հումանիտար իրադրության բարելավման նպատակով երկկողմ փոխգործակցության շարունակման ուղղվածությունը», — ընդգծվում Է հայտարարության մեջ:
Մոսկվան և Անկարան նաև վստահ են, որ Լիբիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի և կարող է կարգավորվել միայն քաղաքական գործընթացի միջոցով, որը առաջնորդվում և իրականացվում է հենց լիբիացիների կողմից ՄԱԿ-ի աջակցությամբ:
«Պայմանավորվել են շարունակել համատեղ ջանքերը, ներառյալ լիբիական կողմերի վրա ազդեցության ցուցաբերումը, Լիբիայում երկարաժամկետ և կայուն հրադադարի պայմանների ստեղծման նպատակով», — նշվում Է փաստաթղթում:
Բացի այդ, խորհրդակցությունների արդյունքում ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են նպաստել միջլիբիական քաղաքական երկխոսության առաջխաղացմանը ՝ այս տարվա հունվարին կայացած Բեռլինի խորհրդաժողովի արդյունքներին համապատասխան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







