Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) փոփոխություններ է կատարել մեծ և առանձնահատուկ պահանջարկ ունեցող տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների չափորոշիչներում։ Նոր համադրությունների ներդրումը նպատակ ունի բավարարել քաղաքացիների հետաքրքրությունը և լրացուցիչ մուտքեր ապահովել պետական բյուջե:
ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանի փոխանցմամբ՝ նախկինում առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներում կիրառվում էր միայն «4 զրո + 1 թիվ» կամ «5 զրո» բանաձևը։ Քաղաքացիների դիմումների և հետազոտությունների հիման վրա սահմանվել են նոր կոմբինացիաներ։
Նրա խոսքով՝ նոր չափորոշիչներով համարանիշների մի կողմում միշտ գտնվում են զրոները (ֆիզիկական անձանց համար՝ 2 զրո, իրավաբանական անձանց համար՝ 3 զրո), իսկ մյուս կողմում՝ կրկնվող կամ հատուկ համադրությամբ թվեր (օրինակ՝ 00 AA 771 կամ XX 000 տիպի)։
Նոր չափորոշիչները վերաբերում են բացառապես 7 նիշ ունեցող (5 թիվ և 2 լատինական տառ) համարանիշներին և չեն տարածվում մոտոցիկլետների կամ այլ տրանսպորտային միջոցների վրա։
Եթե մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընդհանուր գնային սանդղակը սկսվում է 60 հազար դրամից և հասնում 8 միլիոնի, ապա նոր ավելացված համադրությունները տեղաբաշխվել են 250 հազարից մինչև 8 միլիոն դրամ միջակայքում։
«Սա նշանակում է, որ ներքին գործերի նախարարի հրամանի առումով, մենք բոլոր գնային սեգմենտներում չափորոշիչներ չենք ավելացրել։ Մենք ավելացրել ենք այն սեգմենտներում, կառավարության որոշմամբ և հետո տեղայնացրել նախարարի հրամանով, որոնք տեղավորվում են 250 հազարից մինչև 8 միլիոնի միջակայքում»,- պարզաբանել է նա։
ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը ներկայացրել է վաճառքի փաստացի ցուցանիշները։
Էլեկտրոնային աճուրդներ (2024 թ. փետրվարի 1-ից). Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդով օտարվել է 49 համարանիշ, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 892 միլիոն դրամ։
«Նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերն ընդամենը 3 օր են տրամադրվել կառավարության որոշումը ուժի մեջ մտնելուց հետո, և 3 օրվա ընթացքում տրամադրվել է 224 հաշվառման համարանիշ, որի արդյունքում գոյացել է 234 միլիոն 400 հազար դրամ»,- նշել է նա։
Գևորգյանի խոսքով՝ քաղաքացիների կողմից առավել մեծ հետաքրքրություն է գրանցվել 600 000 դրամ արժողությամբ համարանիշների նկատմամբ. կարճ ժամանակահատվածում վաճառված 224 համարանիշից 165-ը եղել է հենց այս գնային սեգմենտի։





































