Ադրբեջանում հունիսի 22-ին անցկացված «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոնը զավթողական հայեցակարգի մաս է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ միջոցառումը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի հրահանգով և հովանու ներքո, դրան մասնակցել են պատգամավորներ, ՏԻՄ ղեկավարներ և այլ պաշտոնյաներ։
«Ամենօրյա մակարդակով Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվում և մշակվում է զավթողական հայեցակարգ, իսկ դրան անդրադարձող, դա կանխող այս պահի դրությամբ չկա»,- գրել է Հայրապետյանը։
Ադրբեջանագետի գնահատմամբ՝ նման գործընթացների անտեսումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ փառատոնը տեղի է ունեցել Գյոյգյոլի շրջանի Ենի Զոդ գյուղի «Խան Յուրդու» էթնոբնակավայրում։ Միջոցառումը կազմակերպել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» և Գյոյգյոլի շրջանի գործադիր իշխանությունը։ Փառատոնի ընթացքում ցուցադրվել են լուսանկարներ, նկարներ, գրքեր և ձեռագործ աշխատանքներ, իսկ «Իրևան» մարզական ակումբի մարզիկները ցուցադրական ելույթներ են ունեցել։
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ կազմակերպությունը միավորում է, իր ձևակերպմամբ, «դեպորտացիաների և էթնիկ զտումների ենթարկված» միլիոնավոր ադրբեջանցիների ու նրանց ժառանգներին։
Նա նշել է, որ համայնքի նպատակն է ապահովել նրանց «անվտանգ և արժանապատիվ վերադարձը հայրենի հողեր»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին տարիներին պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի ներկայիս տարածքում գտնվող մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Երևանը, «պատմական ադրբեջանական հողեր» են, և խոսում է այնտեղ ադրբեջանցիների «վերադարձի իրավունքի» մասին։ Բաքուն այս հարցը ներկայացնում է որպես խաղաղ գործընթացի օրակարգի բաղադրիչ, մինչդեռ պաշտոնական Երևանը հայտարարում, որ նման պահանջները տարածքային հավակնություններ են պարունակում և հակասում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությանը։
Ադրբեջանցիների վերաբնակեցման ռիսկերի մասին դեռևս ԱԺ ընտրություններից առաջ բարձրաձայնում էին ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ այս օրակարգի առաջմղումը համակարգվում և ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից։
Կարապետյանը նաև նշել էր, որ Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի խլման գործընթացը պատահական չէ, քանի որ այնտեղ նախատեսվում է տեղակայել ադրբեջանական «Երևանի թատրոնը», որի գլխամասը Բաքվում է։




































