Հայաստանում խորհրդարանական ընտրություններից 11 օր հետո ադրբեջանական Օրդուբադում անցկացվելու է ֆորում՝ նվիրված «ադրբեջանցիների վերադարձին» ՀՀ բնակավայրեր, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նրա մամուլի ասուլիսի հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի յութուբյան ալիքը։
Կարապետյանի խոսքով՝ միջոցառումն անցկացվելու է Նախիջևանում՝ հայկական Մեղրիից ընդամենը 10 կմ հեռավորության վրա։
«2023 թվականին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը նշանակվել է այս գործընթացի համակարգող և գրեթե ամեն տարի անցկացնում է վերադարձի ձևաչափով միջոցառումներ։ Սակայն վերջին չորս ամիսներն ամենաակտիվ ժամանակաշրջանն են, որովհետև ամենաբարձր՝ աջակցող մակարդակով մի շարք հայտարարություններ են արվել»,- ասել է Կարապետյանը։
Նա հիշեցրել է, որ դրանից հետո հաջորդել են կրոնական առաջնորդների, այդ թվում՝ Կովկասի մուսուլմանների վարչության ներկայացուցիչների հայտարարությունները, իսկ ավելի ուշ նմանատիպ միջոցառումներ սկսել են անցկացվել միջազգային հարթակներում։ Կարապետյանը նշել է, որ 2025 թվականին վերադարձի թեմայով համագումար էր անցկացվել Բրյուսելում, որտեղ ադրբեջանական կողմը եվրոպական հանրությանը ներկայացրել էր հարցի վերաբերյալ իր մոտեցումները։
Կուսակցության քաղխորհրդի անդամը հայտարարել է, որ Սյունիքով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանն իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները կենտրոնացրել է, այսպես կոչված, վերադարձի հայեցակարգի առաջմղման ուղղությամբ։
Կարապետյանը նաև հայտնել է, որ հայեցակարգը նախատեսում է առանձին ուժային կառույցների ստեղծում ՀՀ տեղափոխվել պատրաստվող ադրբեջանցիների համար, Սահմանադրության հասանելիության ապահովում ադրբեջաներենով և լեզվի ուսուցման կազմակերպում։ Ըստ նրա՝ համապատասխան ծրագիրը քննարկվել է Ադրբեջանի Միլի մեջլիսում և ներկայացվել է Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ) ու միջազգային հարթակներ։
Նա հայտնել է, որ փաստաթղթերում, որպես վերադարձի առաջնային տարածքներ, նշված են Սյունիքի մարզը, ինչպես նաև Վարդենիսի և Մասիսի շրջանները։
Կարապետյանը քննադատել է նաև հայկական իշխանությունների գործողությունները՝ հայտարարելով, որ Երևանը հաջորդականորեն գնում է զիջումների։ Նրա կարծիքով՝ մի շարք հայ պաշտոնյաների հայտարարությունները վկայում են Ադրբեջանի հետագա պահանջներն ընդունելու իշխանությունների պատրաստակամության մասին։
«Ադրբեջանն ինչ ուզել է, մեր այսօրվա կառավարությունը տվել է։ ԱԺ նախագահի, այսօրվա ԱՍՀ նախարարի և մի քանի այլ պաշտոնյաների հայտարարությունները մեզ հուշում են, որ իրենք չեն կարողանալու մերժել իրենց հաղթած նախագահին։ Սյունիքի ճանապարհի ու Սահմանադրության փոփոխության հետ մեկտեղ՝ 5 կամ 2 շրջան Արցախի պես զիջելու են։ Այդ պատճառով պետք է երկրում մեծ փոփոխություն իրականացնենք. այս մարդիկ, ովքեր միայն պարտություն են արձանագրել և զիջել գրեթե ամեն ինչ՝ ընդհուպ մինչև Սահմանադրության փոփոխություն, պետք է հեռացվեն»,- եզրափակել է «Ուժեղ Հայաստան»-ի քաղխորհրդի անդամը։
































