ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանից Բաքու մեկնելուց առաջ չի բացառել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ կբարձրացվի հայ գերիների ազատ արձակման թեման։
«Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Վաշինգտոնը պատրաստակամ է անդրադառնալ հումանիտար օրակարգի խնդիրներին։
«Բաքվում հայ բանտարկյալների մասին, անշուշտ, խոսք կլինի։ Այդ հարցը բարձրացվելու է։ Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- հայտարարել է Վենսը։
Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետը դրական է գնահատել խաղաղության գործընթացի դինամիկան, և ԱՄՆ-ն մտադիր է շարունակել հաջող համագործակցությունը երկու երկրի հետ։
ԱՄՆ փոխնախագահը Հայաստան այցից հետո այսօր մեկնել է Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի ղեկավարության հետ։





































