Ադրբեջանն ու Սլովակիան շրջանակային պայմանագիր են կնքել SAM-120 ականանետերի գնման վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
210 մլն եվրո արժողությամբ պայմանագիրն ստորագրվել է Սաուդյան Արաբիայում անցկացվող Համաշխարհային պաշտպանության ցուցահանդեսի ժամանակ։ Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակի խոսքով՝ պայմանագրի առաջին փուլը նախատեսում է 96 ականանետի մատակարարում։
SAM-120 ավտոմատ ականանետերն արտադրվում են սլովակյան ZŤS Spéciál ընկերության կողմից։ Սլովակ նախարարը նաև նշել է, որ շրջանակային համաձայնագիրն արտացոլում է Սլովակիայի և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության միջև համագործակցության երկու հիմնական ոլորտ։
2025 թվականի դեկտեմբերին Սլովակիայի նախագահ Պիտեր Պելեգրինին հայտարարել էր պաշտպանական տեխնոլոգիաներն Ադրբեջանին փոխանցելու և համատեղ արտադրություն սկսելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանի զինված ուժերը նախկինում շահագործում էին սլովակյան արտադրության 36 DANA M1 155 մմ ինքնագնաց հաուբից։ 2024 թվականի սեպտեմբերին հայտարարվել էր, որ Բաքուն կսկսի ստանալ սլովակյան արտադրության 70 DITA 155 մմ ինքնագնաց հաուբից։






































