«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը ներկայումս Միացյալ Նահանգներին ապահովում է հիմնականում բիզնես ներկայություն Հարավային Կովկասում, բայց ունի լիարժեք ռազմավարական ներկայության վերածվելու ներուժ, ինչն ԱՄՆ-ն երբեք չի ունեցել, հայտարարել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Ըստ նրա՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցն ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման կարևոր հանգրվաններից մեկն է լինելու։
«Սա բնական տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցություն է, որի տվյալ փուլում առավելությունն ԱՄՆ-ի կողմն է»,- նշել է նա։
Փորձագետի խոսքով՝ առավելությունը մեծապես ձեռք է բերվում տարածաշրջանի ամենաթույլ օղակի շահագործմամբ, ինչը «ռեալպոլիտիկի դառը, բայց իրական դրսևորում է»։
Սարգսյանն ընդգծել է, որ նման սցենարները ոչ միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հաղթանակն են, քանի որ նման սցենարների մշակումներ բնորոշ են ԱՄՆ-ի բոլոր վարչակազմերին՝ սկսած 1991 թվականից, և դրանք փուլ առ փուլ կյանքի են կոչվել։
Նա ընդգծել է, որ Իրանի վրա գոնե մինչ այս պահը հարված չկիրառելու հարցում դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ այս քայլը կարող էր բացասական ազդեցություն ունենալ TRIPP-ի կյանքի կոչման կամ դրա ժամկետների վրա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







