Բաքվից հայտնել են մինչև հունիս Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել մինչև Հայաստանում հաջորդ ընտրությունները, այսինքն՝ մինչև այս տարվա հունիս»,- Ադրբեջանի խորհրդարանի նիստում հայտարարել է պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։
Պատգամավորի խոսքով՝ որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանը պետք է իր նոր Սահմանադրությամբ պարտավորվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել։
«Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է նախորդ տարվա օգոստոսին։ Այն պետք է քննարկվի խորհրդարանում։ Ես առաջարկում եմ այս հարցը ներառել գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում»,- ասել է նա։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին Վաշինգտոնում ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը: Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը: Այս հռչակագրով Հայաստանը պարտավորվում է առանձին ընթացակարգեր մշակել Ադրբեջանի և Նախիջևանի միջև մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղափոխման համար։



























