Թուրքիան հունիսից կորոնավիրուսի մեծ թվով դեպքեր ունեցող երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, զբոսաշրջիկներ չի ընդունի։ Նման հայտարարությամբ չորեքշաբթի հանդես է եկել Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրետտին Քոջան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Տուրիստական սեզոնը մենք կսկսենք միայն ներքին զբոսաշրջությունից։ Տեսնենք, թե ինչպիսին է իրավիճակը այն երկրներում, որտեղից մենք սպասում ենք զբոսաշրջիկներին։ Մենք չենք մտածում հունիսին ճամփորդներ ընդունել Ռուսաստանից և այլ երկրներից, որտեղ դեռևս կորոնավիրուսով վարակման շատ դեպքեր կան», — հայտարարել Է նախարարը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:
«Ընդ որում, երկրում ճանապարհորդություններ կատարելու համար Թուրքիայի բնակիչների համար անհրաժեշտ կլինի օգտագործել մշակված բջջային հավելվածը։ Դրա միջոցով հնարավոր կլինի ստանալ հատուկ կոդ։ Եթե մարդու մոտ կորոնավիրուսով վարակվելու ռիսկ հայտնաբերվի, ապա նրան կհրաժարվեն ուղևորության թույլտվություն տալ», — հավելել է նախարարը։
Նոր տիպի Կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Թուրքիայում մարտի 10-ին տեղի բնակչի մոտ, որը վերադարձել է Եվրոպայից: Այս պահին երկրում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 151 հազարը, մահացել է 4 199 մարդ, ապաքինվել՝ 112 895-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







