Իրանը 2025 թվականին ավելացրել է նավթի արտահանման ծավալները՝ հասցնելով վերջին տարիների ամենաբարձր մակարդակին, սակայն նավթի վաճառքից ստացված իրական եկամուտը զգալիորեն նվազել է, հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով վերլուծաբանների գնահատականներին և շուկայի տվյալներին։
Հրապարակման համաձայն՝ եկամուտների անկումը պայմանավորված է ոչ միայն նավթի համաշխարհային գների անկմամբ, այլև վաճառքի դժվար պայմաններով։ Միջնորդներն ու գնորդները, օգտվելով պատժամիջոցների ճնշումից և արտահանման սահմանափակ թվով ուղիներից, զգալի զեղչեր են ստանում Թեհրանից։
Այսպես կոչված «ստվերային նավատորմը», որը բաղկացած է ավելի քան 600 նավից, այդ թվում՝ մոտավորապես 180 սուպերտանկերից, մնում է մատակարարման հիմնական մեխանիզմը։
Պատժամիջոցներից անկախ՝ Իրանը պահպանում է արտահանման բարձր ծավալներ։ 2025 թվականի հոկտեմբերին մատակարարումները հասել էին օրական գրեթե 2 միլիոն բարելի, իսկ 2025 թվականի վերջին արտահանումն ամենամեծն էր 2018 թվականից ի վեր։
Իրանական նավթի հիմնական գնորդները մնում են Չինաստանում գտնվող փոքր վերամշակման գործարանները, որոնք կենտրոնացած են էժան նավթի վերամշակման վրա։
Իրանական նավթը կազմում է Չինաստանի հում նավթի ներմուծման մոտ 15%-ը, չնայած Պեկինն այդ մատակարարումները չի արտացոլում պաշտոնական վիճակագրության մեջ։
Իրանը կազմում է համաշխարհային նավթի արտադրության մոտ 3%-ը և մնում է ՕՊԵԿ-ի անդամ։ Սակայն նավթից եկամուտների նվազումը սրում է ներքին տնտեսական ճգնաժամը, որը նախկինում երկրում լայնածավալ բողոքի ցույցեր էր առաջացրել։



























