Անկարան կարծում է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը ձևավորել են «անհրաժեշտ քաղաքական կամք»՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։
Երկու կողմերը քննարկել են հունվարի 13-ին Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Վաշինգտոնում ստորագրված «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» (TRIPP TIF) գործնական իրականացման վերաբերյալ փաստաթուղթը։
Թուրք նախարարի խոսքով՝ Բայրամովի հետ բանակցությունները տևել են շուրջ երկու ժամ, որից հետո ադրբեջանական կողմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է նախաձեռնության պարամետրերի մասին։
Ֆիդանի խոսքով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նշանակություն ունի ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ուղիղ կապ ապահովելու համար։ Նա ընդգծել է, որ Թուրքիան կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
Ֆիդանը նաև խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշից։
«Մենք տեսնում ենք, որ Փաշինյանն այս պահին առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք իսկապես աջակցում ենք այն կառուցողական դերին, որը նա խաղում է։ Այդ գիծը, այդ կամքը պետք է շարունակվի»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի:
Երևանն ու Վաշինգտոնը հունվարի 14-ին հայտնել էին, որ մեկնարկում է TRIPP նախագիծը, որով ԱՄՆ-ն ստանում է Հայաստանի տարանցիկ ուղիների վերահսկիչ փաթեթը:






































