Անցնել բովանդակությանը
Կիրակի, Նոյեմբերի 29
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+2°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Կիրակի, Նոյեմբերի 29 08:07

Հայաստանի յոթ մարզերի 12 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

В 12 общинах семи областей Армении проходят выборы в органы местного самоуправления
Armenian local government elections, seven regions

Հայաստանի յոթ մարզերի 12 համայնքում նոյեմբերի 29-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Ընտրողների վերջնական ցուցակները հրապարակել է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։

Ընտրություններ անցկացնող համայնքներում, ՆԳՆ-ի՝ նոյեմբերի 14-ի տվյալներով, հաշվառված է 233 494 ընտրող, նախատեսված է 317 ընտրատեղամաս։ Ընտրողների թվով ամենամեծ համայնքն Աշտարակն է՝ 48 860 ընտրողով, ամենափոքրը՝ Մեծաձորը՝ 73 ընտրողով։

Ընտրություններ են անցկացվում հետևյալ համայնքներում՝

-Արագածոտնի մարզ՝ Աշտարակ, Ապարան, Արևուտ և Մեծաձոր,

— Արմավիրի մարզ՝ Բաղրամյան և Մեծամոր,

— Գեղարքունիքի մարզ՝ Սևան,

— Լոռու մարզ՝ Սպիտակ,

— Շիրակի մարզ՝ Ամասիա և Աշոցք,

— Սյունիքի մարզ՝ Կապան,

— Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան։

Քվեարկությունն անցկացվում է ժամը 08։00-ից մինչև 20։00-ն՝ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 56-րդ հոդվածի։

Ընտրողները կարող են իրենց տվյալները, ընտրատեղամասի համարը և հասցեն ստուգել ՆԳՆ ընտրական հարթակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքի՝ «Ընտրողների ռեգիստր» բաժնում։

Քաղաքական ուժերն ու թեկնածուները

Տասը համայնքում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում բնակիչներն ուղղակի քվեարկությամբ ընտրում են համայնքի ղեկավարներին և ավագանու անդամներին։

Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցում է ինը կուսակցություն և երկու դաշինք։ ԿԸՀ-ն վիճակահանության արդյունքներով որոշել է բոլոր 11 քաղաքական ուժերի հերթական համարները։ ԿԸՀ-ի տվյալներով՝ քաղաքական ուժերի ներկայացրած 21 ընտրական ցուցակներում ընդգրկված է 970 թեկնածու։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը մասնակցում է համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող բոլոր տասը համայնքներում՝ իննում առանձին ցուցակով, իսկ Ապարանում՝ «Գործարար» կուսակցության հետ կազմած «Համերաշխություն» դաշինքով։

Աշտարակում, Աշոցքում և Ապարանում գրանցվել է մեկական ընտրական ցուցակ՝ ՔՊ-ն կամ իշխող կուսակցության մասնակցությամբ ձևավորված «Համերաշխություն» դաշինքը։ Այս երեք համայնքներում հաշվառված է 71 226 ընտրող՝ նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների 30,5%-ը։

Այս համայնքների բնակիչները կարող են կողմ կամ դեմ քվեարկել միայն մեկ քաղաքական ուժի։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ավագանին ընտրված կհամարվի, եթե ցուցակի օգտին քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին։ Հակառակ դեպքում կնշանակվեն նոր ընտրություններ։ Թեկնածուների ամենամեծ թիվը գրանցվել է Սպիտակում՝ 175, Կապանում՝ 154 և Սևանում՝ 137։ Ամենաքիչ թեկնածուներն Աշոցքում են՝ 42։

Համամասնական ընտրությունների 970 թեկնածուներից 325-ը կին է (33,5%), 239-ը՝ անկուսակցական (24,6%)։ Ընտրական ցուցակներից ինը գլխավորում են համայնքների գործող ղեկավարները, երկուսը՝ նրանց տեղակալները։ Միայն մեկ ցուցակ է գլխավորում կին՝ Ամասիայի գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանը։

Ովքե՞ր են գլխավորում քաղաքական ուժերի ընտրական ցուցակները

Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող տասը համայնքում գրանցվել է 21 ընտրական ցուցակ։ Դրանք գլխավորում են հետևյալ թեկնածուները՝ Աշտարակ- «Քաղաքացիական պայմանագիր»՝ Թովմաս Շահվերդյան։

Ապարան — «Համերաշխություն» դաշինք (ՔՊ և «Գործարար»)՝ Կարեն Եղիազարյան։

Մեծամոր- Հայ հեղափոխական դաշնակցություն՝ Արամայիս Մխիթարյան, «Քաղաքացիական պայմանագիր»՝ Սարգիս Արշակյան։

Բաղրամյան «Գործարար»՝ Մհեր Հարթենյան, «Քաղաքացիական պայմանագիր»՝ Շանթ Առաքելյան։

Սևան — «Վստահություն» դաշինք՝ Սարգիս Մուրադյան, «Միասնական համայնք»՝ Վահրամ Գևորգյան, «Քաղաքացիական պայմանագիր»՝ Սուրեն Գրիգորյան։

Սպիտակ- «Բարոյական արժեքներ»՝ Համլետ Մազմանյան, «Ուժեղ Հայաստան»՝ Արման Ավետիսյան, «Քաղաքացիական պայմանագիր»՝ Քաջայր Նիկողոսյան։

Ամասիա- «Բարոյական արժեքներ»՝ Սամվել Ղարիբյան, «Քաղաքացիական պայմանագիր»՝ Ջեմմա Հարությունյան։

Աշոցք — «Քաղաքացիական պայմանագիր»՝ Կարեն Մանուկյան։

Կապան — «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն՝ Գևորգ Փարսյան, «Ապրելու երկիր»՝ Տիգրան Աղասյան, «Քաղաքացիական պայմանագիր»՝ Նարեկ Բաբայան։

Նոյեմբերյան — «Ապրելու երկիր»՝ Արսեն Աղաբաբյան, «Քաղաքացիական պայմանագիր»՝ Մխիթար Խաչիկյան, «Լուսավոր Հայաստան»՝ Նարեկ Սիրադեղյան։

Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ

Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում բնակիչներն ընտրում են համայնքի ղեկավարներին և հինգական անդամից բաղկացած ավագանիներ։

Արևուտում հաշվառված է 326 ընտրող։ Համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում են Սերյոժա Չարչոյանը, Սլավիկ Սալոյանը և Էդիկ Օսեյանը։ Ավագանու հինգ մանդատի համար պայքարում է վեց թեկնածու։

Մեծաձորում հաշվառված է 73 ընտրող։ Համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում են Մրազ Միրոյանը և Ջամալ Սալմոյանը։ Ավագանու հինգ մանդատի համար պայքարում է տասը թեկնածու։

Քաղաքական մրցակցությունը համայնքներում

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ ամենաթեժ նախընտրական պայքարը սպասվում է Կապանում, Սևանում, Սպիտակում և Նոյեմբերյանում։

Սպիտակում ավագանու մանդատների համար պայքարում է երեք քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի գլխավորությամբ, «Ուժեղ Հայաստանը»՝ Արման Ավետիսյանի, և «Բարոյական արժեքները»՝ Համլետ Մազմանյանի գլխավորությամբ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դեռ հոկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ կուսակցությունը պայքարելու է Սպիտակի ընտրություններում հաղթելու համար։ Նա նաև չէր բացառել քվեարկությունից առաջ կուսակցության ներկայացուցիչների ձերբակալությունները։

«Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը բնակարանաշինությունը համարել էր համայնքի կարևորագույն խնդիրը։ Նախընտրական քարոզարշավի վերջին օրը՝ նոյեմբերի 27-ին, նա հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում կուսակցությունը մտադիր է համայնքի կառավարման հենց սկզբից ձեռնամուխ լինել բնակարանաշինությանը։

Կապանում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Նարեկ Բաբայանը, իսկ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակը՝ գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Ընտրություններին մասնակցում է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տիգրան Աղասյանի գլխավորությամբ։

Սևանում ՔՊ-ի թեկնածու Սուրեն Գրիգորյանի մրցակիցներն են «Վստահություն» դաշինքի ցուցակը գլխավորող գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը և «Միասնական համայնք» կուսակցության թեկնածու Վահրամ Գևորգյանը։

Նոյեմբերյանում իշխող կուսակցության ցուցակը գլխավորում է Մխիթար Խաչիկյանը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը՝ գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Ընտրություններին մասնակցում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ։

Մեծամորում իշխող կուսակցության մրցակիցը Հայ հեղափոխական դաշնակցությունն է։

Նախընտրական քարոզարշավն ու դիտորդների արձանագրած խնդիրները

Համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր նոյեմբերի 4-ին և ավարտվել նոյեմբերի 27-ի կեսգիշերին։

«Անկախ դիտորդ» դիտորդական դաշինքն ընտրություններին ընդառաջ արձանագրել էր 43 միջադեպ և ենթադրյալ խախտում։ Դրանց մեծ մասը վերաբերել էր քարոզչական նյութերի տեղադրման կանոններին և վարչական ռեսուրսի հնարավոր կիրառմանը։ Դիտորդներն առանձնահատուկ ուշադրություն էին դարձրել Սպիտակում ստեղծված իրավիճակին։ Նոյեմբերի 13-ին թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշել էր դիմել Վարչական դատարան՝ Սպիտակի գործող համայնքապետ, ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Դատարան դիմելու հիմք էր դարձել ընդդիմադիր «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համայնքապետարանի չորս աշխատակցի պաշտոնանկությունը։ Վարչական դատարանը նոյեմբերի 23-ին մերժել էր հայցը, ինչի արդյունքում Նիկողոսյանը պահպանել էր ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Սպիտակ համայնքի Լեռնավան գյուղում միջադեպ էր տեղի ունեցել նաև «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունների աջակիցների միջև։ Երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչները միմյանց մեղադրել էին միջադեպը հրահրելու մեջ։

Նախորդ ընտրություններն ու ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդումները

Նախորդ ՏԻՄ ընտրություններն անցկացվել էին հոկտեմբերի 25-ին։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացրած 19 համայնքներից 16-ում առավելագույն ձայներ էր ստացել ՔՊ-ն, ևս երկուսում՝ իշխող կուսակցության մասնակցությամբ ձևավորված «Համերաշխություն» դաշինքները։ Դիտորդներն այդ ժամանակ հայտնել էին 135 ընտրատեղամասում արձանագրված 209 խախտման մասին։

Լայն արձագանք էր ստացել Ստեփանավանի համայնքապետի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի գործը։ Իրավապահները նրան ձերբակալել էին հոկտեմբերի 21-ին՝ ընտրություններից չորս օր առաջ, ընտրակաշառքի ենթադրյալ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Գևորգյանը նոյեմբերի 10-ին մահացել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Մահվան դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել և դատաբժշկական փորձաքննություն նշանակել։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Գևորգյանի մահվան պատասխանատվությունը վերագրել էր իշխանություններին՝ պնդելով, որ նրան կալանավորել էին քաղաքական դրդապատճառներով։ Ազգային օրակարգի շուրջ համախմբված 13 ընդդիմադիր ուժ նույնպես Գևորգյանի մահը համարել էին քաղաքական հետապնդումների հետևանք։

Ընտրություններ Մասիսում

Մասիս համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն առանձին՝ դեկտեմբերի 13-ին։ Քվեարկությունից 16 օր առաջ՝ նոյեմբերի 27-ին, Վճռաբեկ դատարանն օրինական ուժ էր տվել ընդդիմադիր «Կառուցող» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։ Համբարձումյանի՝ անազատության մեջ գտնվելու ժամկետը հաշվակցելու արդյունքում նրա նկատմամբ վերջնական պատիժ էր սահմանվել 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով ազատազրկումը։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) դատարանի որոշումը գնահատել էր որպես ընտրական գործընթացին միջամտություն, որը կասկածի տակ է դնում Մասիսի առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը։ Համբարձումյանը հայտարարել էր, որ, չնայած դատարանի որոշմանը, «Կառուցող» դաշինքը կշարունակի ընտրապայքարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Մոսկվան Փաշինյան-Պուտին հանդիպմանը էներգակիրների գների պահպանման պայմաններ կդնի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+