Դուդուկահար Վիտալի Պողոսյանի «Դուդուկ բենդը» դեկտեմբերի 1-ին համերգ կտա Մոսկվայի Իգոր Բուտմանի ջազ ակումբում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Համերգը կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 19։30-ին։
Երաժիշտները կներկայացնեն «Դուդուկ & Co» ծրագիրը, որն ընդգրկում է հայկական ժողովրդական մեղեդիներ և համաշխարհային հայտնի երգերի ջազային մշակումներ։
Պողոսյանի հետ ելույթ կունենան դաշնակահար, կոմպոզիտոր և գործիքավորող Իլյա Շչեկլեինը, բաս-կիթառահար Սերգեյ Շեինը և թմբկահար Ռոման Նիկոլաևը։
Համերգը տեղի կունենա Մոսկվայի Տագանկայի թատրոնի շենքում գտնվող Իգոր Բուտմանի ջազ ակումբում։ Ակումբի հասցեն է՝ Վերին Ռադիշչևսկայա փողոց, 21։
Պողոսյանի ղեկավարած խումբը հայկական ավանդական երաժշտությունը համադրում է ջազի հետ։ Համերգային ծրագրում ներառված են նաև 20-րդ դարի հայտնի ստեղծագործություններ, որոնք երաժիշտները կատարում են դուդուկի, դաշնամուրի, բաս-կիթառի և հարվածային գործիքների նվագակցությամբ։
Պողոսյանը ծնվել և մեծացել է Արցախի Մարտակերտ քաղաքում։ Նա «Դուդուկ բենդի» հիմնադիրն է։ Երաժիշտը 2017 թվականին պատմել էր, որ խումբը ստեղծել է Սանկտ Պետերբուրգում՝ այլ երաժիշտների հետ համատեղ փորձարկումների արդյունքում։ Սկզբում այն կոչվել է «Շնոբել», իսկ հետագայում վերանվանվել է «Դուդուկ բենդ»։
Պողոսյանը հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի և կապելլայի, Մոսկվայի երաժշտության միջազգային տան բեմերում։ Նա համագործակցել է նաև Դմիտրի Պևցովի, Մաքսիմ Լեոնիդովի և այլ երաժիշտների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







