«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գործով մեղադրանքները վերաբերում են ընկերության բնականոն գործունեությանը և քրեական հանցանքի տարրեր չեն պարունակում, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Վարդան Ալոյանը։
Նա անդրադարձել է, մասնավորապես, 37 մլրդ դրամի գնումներին և շահույթի բաշխմանը վերաբերող մեղադրանքներին՝ պնդելով, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք։
Ալոյանի խոսքով՝ գնումների վերաբերյալ մեղադրանքը հիմնված է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ստուգման վրա և վերաբերում է շուկայականից ենթադրաբար բարձր գներով կատարված գործարքներին։ Փաստաբանը հակադարձել է, որ ՀԷՑ-ում գործընթացներն իրականացվել են հրապարակային, թափանցիկ և օրենսդրությանը համապատասխան։
Անդրադառնալով շահույթի բաշխմանը՝ նա պարզաբանել է, որ մինչև 2024 թվականն ընկերությունն ութ տարի շահույթ չի ունեցել, և անհիմն է համարել պնդումը, թե շահույթի բաշխմամբ ընկերությանը վնաս է պատճառվել։
«Խոսելով այն մասին, թե շահույթ բաշխելով ՀԷՑ-ին վնաս է պատճառվել, աբսուրդ է»,- ասել է փաստաբանը։
Քննչական կոմիտեն Կարապետյանին մեղադրում է 2016–2024 թվականներին կազմակերպված եղանակով ՀԷՑ-ին 64,5 միլիարդ դրամի վնաս պատճառելու մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







