ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա 2001 թվականին Քի Վեսթի բանակցություններում քննարկված Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քի Վեսթի փաստաթուղթ ուղղակի չկա, և ես շատ մտածել եմ, թե ինչո՞ւ չկա, և իմ պատասխանը մեկն է, որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չէր։ Դա դավադրություն էր, և դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի է ունեցել հոկտեմբերի 27 և դրան նախորդած և հաջորդած իրադարձություններ, ուրիշ որևէ բացատրություն չկա»,- ասել է նա խորհրդարանում՝ պատասխանելով կառավարության կողմից հրապարակված փաստաթղթերում կարգավորման այս տարբերակի բացակայության մասին ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
Պատգամավորի այն պնդմանը, որ կառավարությունը, կարգավորման առաջարկի քողի տակ, հրապարակել է 2008 թվականին «Հայկական ժամանակ» թերթում տպագրված նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, Փաշինյանը, նշելով Տեր-Պետրոսյանի համագործակցությունն ընդդիմության հետ, կոչ է արել Խամոյանին «պարզաբանում ուզել գործընկերոջից»։ Միևնույն ժամանակ՝ վարչապետը հայտարարել է, որ վիճելի փաստաթուղթն «այդ դավադրության տեքստն է»։
Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հանրայնացրել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի 13 փաստաթուղթ։






































