ՀՀ կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա 13 փաստաթուղթ, տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։
Ըստ հրապարակման՝ այս փաստաթղթերը պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։
Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ, նշված է հրապարակման մեջ։
Նշենք, որ փաստաթղթերի ցուցակում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները (2016 թ.) 2019 թ., ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի հայտարարություններն Ազգային ժողովում, Կրակովի փաստաթուղթը, Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին, ԵԱՀԿ ՄԽ առաջարկները 2016թ., ՌԴ փաթեթային առաջարկները, Կազանի փաստաթուղթը, Մադրիդյան սկզբունքները, Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը, ԵԱՀԿ ՄԽ համապարփակ առաջարկները, ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Լիսաբոնի գագաթնաժողովին, Բուդապեշտի գագաթնաժողովի հայտարարությունը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ի պատասխան 44-օրյա պատերազմի և 2019 թվականի բանակցությունների վերաբերյալ Սարգսյանի հայտարարությունների՝ նա կհրապարակի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ։
«Իմնեմիմի» փոդքասթում Սարգսյանն ասել էր, որ 2020 թվականի պատերազմն անխուսափելի էր, սակայն դրա արդյունքն անկանխատեսելի էր մինչև 2018 թվականը։ Նա պարտության համար նշել էր երեք պատճառ՝ բանակցություններից հրաժարվելը, նոր իշխանությունների գործողությունները, որոնք թույլ էին տվել Ադրբեջանին արդարացնել ուժի կիրառումը, և բանակի մարտունակության անկումը։




































