ՀՀ իշխանությունների նպատակն է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հեռացնել մինչև Ամանոր, որպեսզի նա անգամ ավանդական ուղերձը չկարողանա հղել, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Չնայած նրան, որ կաթողիկոսի հեռացման թեման չի հանգուցալուծվում, ինչպես պլանավորված էր, իսկ իշխող թիմում ներքին անհանգստություն է տիրում, նահանջել չեն պատրասվում, նշել է լրատվականը: Ըստ ԶԼՄ-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը տարբեր ձևաչափերով քննարկում են հնարավոր ելքերով նոր ճնշման մեթոդներ՝ ուղղված եկեղեցականների վրա ազդեցությունը մեծացնելուն։
Պարբերականի տվյալներով՝ առաջին «պլանում» այս պահին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է. նախատեսվում է, որ առաջիկայում իշխանական ճնշման ներքո սրբազանների մի խմբի միջոցով նրան կզրկեն ծառայողական լիազորություններից՝ սառեցնելով հոգևորականի կարգավիճակը։
Թերթը հավելել է, որ իշխանությունների նպատակն է կաթողիկոսին Վեհարանից հեռացնել, սակայն ներկայումս չեն շտապում դա պաշտոնապես անել, որպեսզի իրավապահների ճնշումն ավելի ուժեղ դառնա, և Գարեգին Բ-ի հնարավոր ինքնակամ հրաժարականը տեղի ունենա «հարթ» միջավայրում։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։
Նոյեմբերի 30-ին եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։




































