ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի այցելելու է Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ պատարագն իրականացնելու է ոչ թե տեղի քահանան, այլ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ եկեղեցու քահանան Տեր Հարությունն է, որն արձակուրդ է գնացել։ Թերթի տեղեկությամբ՝ Տեր Երվանդն Արարատ գյուղ է ուղարկվել Մասյացոտնի թեմից։
Լրատվականը հավելել է, որ Մասյացոտնի թեմի ու Վայոց ձորի թեմի առաջնորդերը դեմ են քվեարկել Տեր Արամին (Ստեփան Ասատրյան) կարգալույծ անելու միջնորդությանը՝ պետություն-եկեղեցի հարաբերությունները չսրելու հիմնավորմամբ։ Ենթադրվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը պատարագից չեղարկելու պահանջին Տեր Երվանդ քահանան համաձայնել է, ինչպես արվել է նախորդ անգամ՝ Վայոց ձորում։
Մայիսից Փաշինյանը պնդում է, որ Գարեգին Երկրորդը զավակ ունի ու այդպիսով խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն իր աջակցությունն էր հայտնել այն քահանաներին, ովքեր, իր խոսքով, վեր կհանեն եկեղեցու խնդիրները։
Այս ամիսներին հոգևորականներ էին կալանավորվել, ինչպես նաև եկեղեցուն իր աջակցությունը հայտնած «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե քանի դեռ Գարեգին Երկրորդն «այլընտրանք ունի՝ թող հեռանա»։
Կարդացեք նաև՝




































