Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ սահմանադրական կարգը խաթարելու հոդվածով, հայտնել է Sputnik Georgia-ն։
«Սաակաշվիլիի և նրա համախոհներ Գիորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի, Նիկա Մելիայի, Զուրաբ Ջափարիձեի, Էլենե Խոշտարիայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել պետության դեմ ուղղված հանցագործությունների համար՝ դիվերսիա, թշնամական գործունեության մեջ օտարերկրյա պետությանն օգնելու, սահմանադրական կարգի հիմքերի և ազգային անվտանգության դեմ ուղղված գործունեության ֆինանսավորման, ինչպես նաև սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կամ պետական իշխանությունը տապալելու կոչերի համար»,- հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։
Ըստ հրապարակման՝ մեղադրանքները վերաբերում են Վրաստանում 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր տեղի ունեցած իրադարձություններին։
Մարտի 17-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին դատապարտել էր 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ Վրաստանի պետական սահմանն անօրինական կերպով հատելու համար։ Սաակաշվիլին, ի վերջո, կկրի 12,6 տարի պատիժ։
Սեպտեմբերի 27-ին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ հոկտեմբերին նախատեսում են դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որը հիմնադրել է Սաակաշվիլին, ինչպես նաև մյուս միավորումները, որոնք կիսում են նրա քաղաքական գիծը։





































