Շարքային կազմի պայմանագրային 31 զինծառայող ստանում է 700 հազար դրամ ու ավելի վարձատրություն, կառավարության նոյեմբերի 6-ի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ներրկայացնելով պայմանագրային զինծառայողների վարձատրությունների ցուցանիշները՝ նա տեղեկացրել է, որ շարքային պայմանագրային 1559 զինծառայող ստանում է 300 000-400 000 դրամ վարձատրություն, 1156 զինծառայող՝ 400 000-500 000 դրամ, 523 զինծառայող՝ 500 000-600 000 դրամ, 244 շարքային զինծառայող՝ 600 000-700 000 դրամ վարձատրություն և 31 զինծառայող շարքային՝ 700 000 դրամ և ավել վարձատրություն։
«Հատուկ հետաքրքրվել եմ՝ արդյոք 700 000 և ավել դրամ վարձատրություն ստացող զինվորի պայմանները հասանելի՞ են ցանկացած այլ զինծառայողի, խոսքը՝ զորատեսակի, ատեստավորման արդյունքների մասին է և այլն, և սա նույնպես հասանելի է ցանկացած զինծառայողի։ Կարևոր արձանագրում է, որը պետք է անենք»,- շեշտել է վարչապետը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի նիստում հայտնել էր զինվորական ատեստավորման արդյունքում զինծառայողների ավելացված աշխատավարձերի չափերի մասին։ Նրա պարզաբանմամբ՝ ատեստավորումից բավարար գնահատական ստացած, օրինակ, շարքային կազմի զինծառայողը մարտական հերթափոխություն իրականացնելու դեպքում կստանա 321 910 դրամ աշխատավարձ, եթե ստացել է լավ գնահատական, ապա աշխատավարձը կկազմի 430 910 դրամ, իսկ գերազանց գնահատականի դեպքում՝ 470 910 դրամ։





































