Լանզարոտեի կոնվենցիան սեռական բռնությունից և սեռական շահագործումից երեխաներին պաշտպանելու համար երկրներին խրախուսում է՝ իրենց ազգային կրթական ծրագրերում ունենալ միջոցներ, որպեսզի երեխաները ճանաչեն իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգների ու ռիսկերի առաջին ազդանշանները և ինքնապաշտպանվելու ունակություն ունենան։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Կարապետյանն ընդգծեց, որ սա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաները պետք է սովորեն, թե ինչ է սեռական անձեռնմխելիությունը:
«Սրանք դժվար բառեր են և դժվարամարսելի են անգամ որոշ չափահաս մարդկանց համար։ Այսինքն՝ այստեղ խնդիրը երեխայի տարիքին հարմարեցված, նրա կարիքներին, հետաքրքրություններին հարմարեցված ունակությունների տրամադրումն է, թե ինչպես չափահաս մարդկանց վարքի մեջ ճանաչել հնարավոր ազդանշանները, որ իրենց վտանգ է սպառնում այդ չափահաս անձից»,- նշեց Կարապետյանը։
Պատգամավորը հիշեցրեց վիճակագրությունը՝ տարեկան մինչև 100-ի հասնող սեռական բնույթի ոտնձգություններ անչափահասների նկատմամբ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մայիսի 11-ի նիստում «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացվեց 79 «կողմ» և 12 «դեմ» ձայներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







