ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը մեկնաբանել է TRIPP երթուղու ընդլայնման և դրա երկայնքով կառուցվելիք երկաթուղու կառավարումը Ռուսաստանին փոխանցելու հնարավորությունը։
«Առնվազն մինչև Գյումրի չհասնելու պարագայում, TRIPP երուղին իմաստը կորցնում է։ Եթե երկաթուղին մտնում է Հայաստանի հարավ, անցնում է Հայաստանով, մտնում է Նախիջևան, չի շարունակվում Նախիջևանով և Երասխով չի մտնում նորից Հայաստան, ապա իմաստ չունի»,- ասել է նախարարը։
Մեկնաբանելով այն պնդումները, որ Ադրբեջանը, ստանալով Նախիջևան տանող երթուղին, չի ապահովի Հայաստանին այլ հաղորդակցություններ, Միրզոյանը նշել է, որ նախագիծը հիմնված է փոխշահավետության վրա, ունի երաշխիք, մեխանիզմ, որն իրականություն է դարձնելու այն։
Նա նաև մեկնաբանել է TRIPP երթուղու երկայնքով կառուցվելիք երկաթուղու կառավարումը Հարավկովկասյան երկաթուղուն փոխանցելու հնարավորությունը։ Միրզոյանը շեշտել է, որ առկա և գործող երկաթուղային ենթակառուցվածքը փոխանցվել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարմանը, մինչդեռ նոր երկաթուղին դեռևս գոյություն չունի։
«Հետևաբար, եթե մի բան չկա, ո՞նց կարող է տրված լինել տարիներ առաջ եղած կոնցեսիոն պայմանագրով»,- հարցրել է Միրզոյանը և հավելել, որ Հայաստանն արդեն իսկ ռուսական կողմին տեղեկացրել է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշման մասին։
Միրզոյանի խոսքով՝ ռուսական կողմի հետ քննարկվել են և կքննարկվեն «համագործակցության շատ հետաքրքիր նոր ուղղություններ և մեխանիզմներ»։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ԱՄՆ-ի միջնորդությամբ, ստորագրել էին TRIPP տրանսպորտային երթուղու ստեղծման մասին հռչակագիր: Փաստաթղթի համաձայն՝ ճանապարհը Հայաստանի հարավով կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ և կկառավարվի ամերիկյան կոնսորցիումի կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում։
































