ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ահազանգեր է ստացել, համաձայն որոնց Գյումրու որոշ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը լիարժեք չի կազմակերպվել, երեխաներին ժամանակից շուտ տուն են ուղարկել՝ ծնողներին կամ անձնակազմին հորդորելով մասնակցել հանրահավաքի։ Նախարարությունը նախատեսում է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին` վերոնշյալ ահազանգերի հիման վրա։
«Նշված գործողությունները խախտում են երեխաների կրթության իրավունքը, ինչպես նաև կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջները, որոնցով սահմանվում են ուսումնական հաստատություններում կուսակցական, քաղաքական և կրոնական քարոզչության, ինչպես նաև քաղաքական միջոցառումների անցկացման արգելքները»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԿԳՄՍՆ-ն շեշտել է՝ տնօրեններն ու աշխատակիցները պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն: Նախարարությունը նախազգուշացրել է բոլոր կրթական հաստատությունների տնօրեններին՝ ապահովել անխափան ուսումնական գործընթաց:
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ «խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքներով» ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձում էին թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին։
Այդ ընթացում մի քանի անգամ իրավապահների ու քաղաքացիների միջև բախումներ էին սկսվել, ինչից հետո քաղաքացիներին բերման էին ենթարկել, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ Armenia Today-ին «Մեր ձևով» շարժումից տեղեկացրել էին, որ Մխիթարյանին բերման են ենթարկել, երբ նա փորձել է կանխել ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը։
Ընդդիմությունը Ղուկասյանի նկատմամբ գործողությունները կապում է Միութենական պետությանը սատարող Ղուկասյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության հետ։ Փաշինյանը նշել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։




































