Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետարանը վերածել է նախընտրական շտաբի, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ մարզպետն ամբողջ օրն Էջմիածնի ընտրություններով է զբաղված։ Նա իր մոտ է կանչում Վաղարշապատ խոշորացված համայնքն ընդգրկող համայնքների ղեկավարներին և թվաքանակ պահանջում՝ ով որքան ձայն կարող է ապահովել ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի համար, իսկ հաղթանակի դեպքում խոստանում պարգև՝ ում ինչ հարկավոր է:
Մայիսին Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական էր տվել, որից հետո քաղաքի ավագանին չէր կարողացել նոր քաղաքապետ ընտրել քվորումի բացակայության պատճառով, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները չէին մասնակցել նիստին: Հուլիսին կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել էր Վաղարշապատի ավագանու լիազորությունները։
Ինը քաղաքական ուժ Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմում է ներկայացրել ԿԸՀ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






