ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն (ԽԽԿ) իր վերջին եզրակացություններում խորը մտահոգություն է հայտնել 23 հայի շարունակական կալանքի վերաբերյալ, հայտնել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
Նշվում է, որ այս մտահոգությունները մնում են հիմնավորված, քանի որ իրավիճակը շարունակում է վտանգել տուժածների իրավունքները, անվտանգությունը և արժանապատվությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածության բացակայությունը:
ԽԽԿ-ի, խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի և ՄԱԿ-ի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով հատուկ զեկուցողի հետ հանդիպման ժամանակ հայկական առաքելությունը վերահաստատել է երկրի հանձնառությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի լիակատար և անվերապահ վերացմանը։
Երևանը մտահոգություն է հայտնել, որ մի շարք երկրներում, ինչպես կալանավայրերում, այնպես էլ զինված հակամարտությունների համատեքստում, հաճախ քաղաքական պատճառներով շարունակվում են ստացվել խոշտանգումների մասին հավաստի հաղորդագրություններ։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակի փակման մասին։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ նրանց շրջանում գրանցվել էին ինքնասպանության փորձեր։ Հարազատներն այս մասին տեղեկություններ էին ստացել հազվադեպ հեռախոսազանգերի միջոցով։ Միջազգային կազմակերպություններին սեպտեմբերի սկզբից ի վեր թույլ չի տրվում այցելել գերիներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







