Հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած Խաղաղության գագաթաժողովի շրջանակներում ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք գերիների ազատ արձակման հարցը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հուսանք՝ մեր ջանքերն առաջիկայում դրական արդյունքով կպսակվեն։ Ամենօրյա աշխատանք ենք իրականացնում այս ուղղությամբ՝ ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում՝ հարցը վաղուց լուծված և դուրս եկած կլիներ օրակարգից: Ինչպես միշտ, այս պահին ևս ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում այս առումով լավ նորություններ կունենանք»,- նշել է նա։
Նախարարը կարևորել է երրորդ երկրների մասնակցությունը պատանդառված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Ադրբեջանի գրասենյակի փակումից հետո։
«Մեր աշխատանքներն այդ ուղղությամբ հիմնականում այս խողովակով էին արվում, և այժմ, այո՛, այդ հարցը ևս շատ արդիական է։ Այդ բացը որևէ կերպ պետք է փորձենք լրացնել,, բայց առաջնային խողովակը Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են»,- պարզաբանել է նա։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։



































