ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու խորհրդարանի արտահերթ նիստին: Ընդդիմադիր խմբակցությունը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նիստի օրակարգ է բերել հայտարարության նախագիծ, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է»:
Հոկտեմբերի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ․ օրակարգում «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծն է, որը հեղինակել է իշխանական խմբակցությունը։
«ՔՊ-ն առաջարկում է բարձր գնահատել Ադրբեջանի հետ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք եթե անգամ ստորագրվեն, միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի և ՀՀ սահմանադրության համաձայն դեռ պետք է անցնեն ներպետական ընթացակարգեր, մինչդեռ անտեսելով այս պահանջը՝ ՔՊ-ն շարունակում է պետական ինստիտուտները զավթելու իր քաղաքականությունը»,- շեշտել է «Հայաստան» դաշինքը:
Ըստ խմբակցության՝ հայտարարության նախագիծը ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն անհրաժեշտ է մեր երկրին, այլև չի համապատասխանում իրավական, քաղաքական և Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին:
«Հայտարարությունում, ինչպես նաև Վաշինգտոնում ընդունված որևէ համաձայնությունում տեղ չեն գտել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքներն ազատելու, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման, արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքի, Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու պահանջները»,- նշել է ընդդիմադիր խմբակցությունը՝ այս հայտարարությունը որակելով «նվաստացուցիչ»:
Բացի այդ, ըստ «Հայաստան»-ի՝ սա նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար:
«Մերժելով այս վարքագիծը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հակահայկական օրակարգի քննարկմանը։ Այս հայտարարությունը բացառապես ՔՊ-ինն է և չի արտահայտում Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական կամքը»,- ասված է խմբակցության հայտարարարության մեջ:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի») տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, ստորագրել Մինսկի խմբին ուղղված դիմումը և օգոստոսի 11-ին այն ուղարկել կազմակերպությանը՝ դրա գործունեությունը դադարեցնելու նպատակով:
Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հանդիպել են Դանիայում, քննարկել Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում TRIPP նախագծի իրականացման առաջընթացը: Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։





































