Կառավարությունը հունվարի 1-ից կենսաթոշակների և նպաստների հետվճարի սահմանաչափը 12%-ից կդարձնի 20%-ի, իսկ առավելագույն թիվը 6 հազար դրամից կբարձրացնի 10 հազար դրամի, կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։
«Եթե, օրինակ, հաշվենք 50 հազար դրամի վրա, ապա թոշակառուն իր ձեռքով այն կարող է դարձնել 60 հազար՝ կատարելով անկանխիկ առևտուր իր կարիքների համար։ Սա շատ կարևոր գործիք է նաև ստվերային տնտեսության դեմ պայքարի այլ քաղաքականություններն առաջ տանելու համար, երբ մենք անդադար խոսում ենք, որ կանխիկ առևտրի ժամանակ չեն տպվում կտրոններ, որոնք գեներացնում են հարկեր, որոնցից էլ վճարվում են կենսաթոշակները»,- պարզաբանել է նախարարը։
Լրագրողի դիտարկմանը, թե մարզերում անկանխիկ եղանակով առևտուր անող թոշակառուները քիչ են, հետևաբար՝ կարգավորումը վերաբերում է ոչ բոլոր քաղաքացիներին, Թորոսյանը պատասխանել է, որ հնարավոր է՝ լինեն որոշ փոքր գյուղական համայնքեր, որտեղ կարող են անկանխիկ առևտրի հնարավորություններ չլինել, բայց մյուս տեղերում հնարավորությունն առկա է։
«Այս պահին ունենք 350 հազար կենսաթոշակառու և նպաստառու, որոնք բարեհաջող կերպով օգտվում են այս ծրագրից և, հետևաբար, մնացած բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները նույնպես կարող են օգտվել այս հնարավորությունից, դա իրենց ձեռքերում է»,- նշել է նա։
Կառավարությունը կենսաթոշակառուների՝ անկանխիկ առևտրի «քեշբեքի» չափը 2024-ի ամռանը 5000-ից դարձրել էր 6000 դրամ:



































