ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ TRIPP-ի («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին») վերաբերյալ քննարկումներ սկսելու մասին։ Ստրասբուրգում ասուլիսի ժամանակ նա ասել է, որ քննարկումները հարցի շուրջ կշարունակվեն։
Ըստ վարչապետի՝ ԱՄՆ-ից արդեն այցելել են Հայաստան, սակայն այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։
«Կարծում եմ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շատ մեծ, գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ հենց TRIPP ուղու օրակարգը շարունակում է գտնվել և՛ Միացյալ Նահանգների, և՛ միջազգային հանրության հետաքրքրությունների շրջանում»,- նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ որևէ «առաջ քայլ չի արվել», սակայն գրանցվել է պրոցեսի շարունակություն։
«Քննարկումներ են սկսվել արդեն կոնկրետ բովանդակությունների, նախագծման վերաբերյալ։ Մենք քննարկում ենք, թե ով պետք է նախագիծ իրականացնի, ով պետք է ֆինանսավորի»,- պարզաբանել է նա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:




































