ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանում համագործակցության խթանումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ 80-րդ նստաշրջանի շրջանակում։ Նշվում է, որ կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ միջև համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:
Օգոստոսի 11-ին պաշտոնական Երևանը հայտնել էր, որ Հայաստանն Ադրբեջանի հետ համատեղ դիմում է հղել ԵԱՀԿ-ին՝ Արցախյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը լուծարելու մասին։ Երկու երկրների ԱԳ նախարարները Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները փակելու դիմումն ստորագրել էին օգոստոսի 9-ին՝ Վաշինգտոնում, երբ նախաստորագրել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը: Սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա որոշում էր կայացրել փակել Մինսկի խմբի հետ կապված բոլոր ինստիտուտները։





































