ԵԱՀԿ նախարարների խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա որոշում է կայացրել փակել Արցախյան հարցի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի հետ կապված բոլոր ինստիտուտները, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: ՀՀ ԱԳՆ-ից Armenia Today-ին հաստատել են, որ սեպտեմբերի 1-ին ստացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշման մասին՝ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի նամակը։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մանրամասնել է, որ ըստ նամակի՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված»:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ն իրականացնել այդ կառույցների լուծարման հետ կապված կազմակերպչական և տեխնիկական բոլոր հարցերը։ Ադրբեջանական կողմը նաև հայտնել է՝ ԵԱՀԿ նախարարների խորհուրդը հայտարարել է, որ «ԵԱՀԿ շրջանակներում նախկինում ընդունված բոլոր որոշումները, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական նախկին հակամարտությանը, կորցնում են ուժը և ենթակա չեն կիրառման»։
ԵԱՀԿ գործող նախագահի՝ հակամարտության գծով անձնական ներկայացուցչի ինստիտուտը, ինչպես նաև բարձր մակարդակի պլանավորման խմբերը ենթակա են փակման, հավելել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Մինսկի խումբը լուծարելու գործընթացը դադարեցնելու որոշումը ողջունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։
«Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ այս կոնկրետ քայլի համար, որը դիվանագիտության արդյունավետության հստակ ցուցիչ է»,- գրել է Սինիրլիօղլուն X-ի իր էջում։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը քննադատել է որոշումն ու շեշտել, որ առանց արցախցիների վերադարձի և Բաքվում պահվող հայ գերիների հարցի լուծման՝ անհնար է հասնել երկարատև խաղաղության։
«ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության՝ այս հարցերով չզբաղվելը կլինի լուրջ սխալ։ Երկարատև խաղաղությունը պահանջում է սկզբունքներ՝ միջազգային իրավունք, արդարություն և դիվանագիտություն, այլ ոչ թե հարկադրանք։ Դրա առանցքային բաղադրիչը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ապահով և արժանապատիվ վերադարձի իրավունքն է, որը հաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշմամբ։ Ոչ պակաս հրատապ է նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը և մշակութային ժառանգության պաշտպանությունը»,- նշել է խորհուրդը։
Հայ դատի կենտրոնական խորհուրդը ԵԱՀԿ-ին և միջազգային լայն հանրությանը կոչ է արել շարունակել ներգրավվածությունը, հավատարիմ մնալ մարդու իրավունքներին և իրենց մարդասիրական առաքելություններին ու գործուն քայլեր ձեռնարկել բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության, գերիների ազատ արձակման և մշակութային ժառանգության պահպանման համար։
«Միայն հետևողական, անաչառ և սկզբունքային ներգրավվածությամբ կարելի է ապահովել Արցախի ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը և հնարավոր դարձնել իրական ու կայուն խաղաղությունը Հարավային Կովկասում»,- շեշտել է խորհուրդը։
Մինսկի խմբին ուղղված դիմումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ստորագրել էին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում և օգոստոսի 11-ին ուղարկել կազմակերպությանը։
Մինսկի խումբը ստեղծվել էր 1992 թվականին՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար։ Մինսկի խմբի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Կազմում էին նաև Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան։ Փաստացի, խմբի աշխատանքը սառեցվել էր 2022 թվականին։




































