ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենության աշխատասենյակում հավաք է կազմակերպել՝ պահանջելով ապահովել «Քաղաքացիական պայմանագրի» անդամների ներկայությունը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Մարտունի համայնքի ավագանու անդամ, Մարտունու պետական բժշկական քոլեջի տնօրեն Տարոն Արշակյանն անձամբ է Ավանեսյանին դիմավորել հիվանդանոցում, ավագանու մի քանի ՔՊ-ական անդամների հետ սպասել են այնտեղ, մինչև գլխավոր բժիշկը Երևանից հասել է Մարտունու ԲԿ, որպեսզի կարողանան կազմակերպել քարոզչական աշխատանքները:
Նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հաստատել է թերթի տեղեկությունը, որ նախարար այցելել է Մարտունու ԲԿ և պարզաբանել, որ վարչության ընտրություններում ընտրողները կուսակցականներն են, քարոզարշավը կատարվում է կուսակիցների շրջանում, ուստի այլ միջավայրում քարոզ անելը «թիրախային չէ»։ Նրա պնդմամբ՝ նախարարը Մարտունիում գտնվել է կուսակցական գրասենյակում, որից հետո, օգտվելով մարզում գտնվելու հանգամանքից, այցելել է նաև ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կենտրոն։
Մամուլը հայտնել էր, որ ՔՊ կուսակցության մեծ մասն աշխատում է, որպեսզի Ավանեսյանը քաղաքական ուժի վարչության անդամ չդառնա։ 2024 թվականի նոյեմբերին մամուլը գրել էր, որ Փաշինյանն աշխատանքից կազատի Առողջապահության նախարարին, սակայն Ավանեսյանը լրագրողներին հերքել էր այդ տեղեկությունը։ Նույն տարվա մայիսին նախարարի խոսնակն Armenia Today-ին հերքել էր նախարարի հրաժարականի լուրը։




































