Հայաստանն իր զինված ուժերը բերել է, իր միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով կանգնեցրել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել Ադրբեջանի վերահսկողությանը՝ առանց սահմանազատման, բանավոր պայմանավորվածությամբ, եթե ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ որոշ տարածքներ 30 տարի օկուպացված էին։
«Մենք մեր ԶՈւ-ն բերել ենք մեր սահմանին՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով կանգնեցրել ենք։ Այո՛, արել ենք դա առանց դելիմիտացիայի և ճիշտ ենք արել»,- ասել է նա։
2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանին էր անցել Գորիս-Կապան ճանապարհը, 2021-ի հունվարին Ադրբեջանին էր փոխանցվել նաև Շուռնուխ գյուղի մի մասը։ ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը 2024 թվականին հայտարարել էր, որ այդ հարցով ՀՀ Անվտանգության խորհրդի 3 նիստ էր տեղի ունեցել։



































