Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: Նշվում է, որ հայտարարությունը բաց է միանալու համար:
«Ափսոսանքով ենք արձանագրում, որ եթե նոր խորհրդարանը խիզախություն ունենար պետության կառավարման խայտառակ անցյալին քաղաքական գնահատական տալու, այսօր, հավանաբար, քրեական հակամշակույթի օրինակ հանդիսացող այս միջադեպը տեղի չունենար: Խստորեն դատապարտելով բռնությունն ընդհանրապես, և դրա որևէ դրսևորում հանրային հարաբերություններում ու իշխանության համակարգում՝ պահանջում ենք Ազգային Ժողովի ղեկավարության կողմից ջանքեր գործադրել իսպառ բացառելու բռնության և ժողովրդավարական, իրավական պետության արժեքներին անհարիր անբարո վարքը խորհրդարանական աշխատանքում, ջանքեր ներդնել հանրային կյանքում բռնության մշակույթի վերացման համար: Համարում ենք, որ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն խորհդարանական մեծամասնությունն է, որը հանրությունից ստացել է և ունի օրինական և բավարար լիազորություն՝ բռնության մշակույթը վերացնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
ՀԿ-երն առաջարկում են վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով՝ հրատապ քննության ենթարկելու տեղի ունեցածը, ինչպես նաև ձևավորել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ այս հանձնաժողովի գործունեությունը մշտական հիմունքներով կազմակերպելու համար:
Հայտարարությանը միացել են՝
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







