«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից գրած իր ուղերձում կարևորել է հայկական ընտանիքի դերը, ՀՀ ժողովրդագրական ցուցանիշները և բնակարանային պայմանների ապահովումը։
Նրա խոսքով՝ «Մեր ձևով» շարժման առանցքային խնդիրն է առաջարկել լուծումներ հայկական ավանդական ընտանիքի նկարագրի պահպանման և դրա բարեկեցության ապահովման համար: Այս հարցն, ըստ Կարապետյանի, պահանջում է լուծումներ, որոնք պետք է մշակվեն մյուս՝ ոչ պակաս կարևոր առաջնահերթ խնդիրների հետ միասին։ Դրանք ներառում են «հոգևոր արժեքների պաշտպանություն, նոր տնտեսության ձևավորում, բազմաթիվ աշխատատեղերի արագ ստեղծում, գյուղատնտեսության դինամիկ զարգացում» և այլ ուղղություններ։
«Չկա ժողովրդի ու պետության համար ավելի մեծ հաջողություն, քան ունենալ բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն լավ կյանքի համար բոլոր պայմանները, որոնց երեխաներն առողջ են, կրթված և պատրաստ են կառուցել երկրի լավ ապագան»,- նշել է նա։
Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանում նման ընտանիքների քանակը չափազանց քիչ է, ժողովրդագրական ցուցանիշները կատաստրոֆիկ են, ու պետք է անել հնարավոր ամեն բան՝ այդ վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար։ Նրա խոսքով՝ երիտասարդ ընտանիքները պետք է առողջ լինեն ու հնարավորություն ունենան առանց ընտանեկան բյուջեն սնանկացնելու հետևել իրենց վերարտադրողական առողջությանն ու առողջությանն՝ ընդհանրապես։
«Պետությունը պետք է ու պարտավոր է ապահովել այդ հնարավորությունը՝ առանց որևէ վերապահման։ Պետությունը պետք է ու պարտավոր է ծնողների հետ միասին հոգալ լույս աշխարհ եկող յուրաքանչյուր հայ երեխայի ծախսերը, ինչը լրջորեն կխթանի ծնելիությունը»,- ընդգծել է նա։
Բարերարի խոսքով՝ երիտասարդ ընտանիքը պետք է հնարավորություն ունենա բարելավել իր բնակարանային պայմանները, ու պետությունն այստեղ ևս պետք է լուրջ դերակատարություն ունենա։
«Մեր երիտասարդ ծնողներն աշխատանքի կամ բուհ ընդունվելիս պետք է օգտվեն բազմազան արտոնություններից։ Վերջապես, մեր պատվարժան տարեցները, մեր մեծերը պետք է հնարավորություն ունենան վերականգնել իրենց առողջությունն առանց մտավախության, որ կարող են բեռ դառնալ իրենց զավակների ընտանեկան բյուջեի վրա։ Հայաստանի որևէ քաղաքացի երբեք չպետք է զրկվի առողջությունը պահպանելու հնարավորությունից՝ գումարի բացակայության կամ պակասի պատճառով»,- եզրափակել է Կարապետյանը։
Նա հավաստիացրել է, որ շարժումը համապատասխան աշխատանքներ է տանում այս բոլոր հարցերին ծրագրային «ֆունդամենտալ լուծումներ գտնելու և արդեն շատ մոտ ապագայում կյանքի կոչելու համար»։
Հունիսին «Տաշիր» խմբի նախագահն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ հոգևորականների հասցեին իշխանությունների քննադատությունների ֆոնին։ Հունիսի 18-ին գործարարը երկու ամսով կալանավորվել էր՝ իբր իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:
Հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։ Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը։
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը։ Շարժումը, որն աշխատել է 5 ուղղությամբ, ծրագրային աշխատանքները կավարտի 4-5 ամսվա ընթացքում, որից հետո քաղաքական հայտ կներկայացնի։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը






































