«Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» (TRIPP) նման նախագծերում տարածաշրջանային խաղացողների (ԱՄՆ) մասնակցությունը պետք է համակցվի հարևան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ակտիվ մասնակցության հետ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով լրագրողների հարցը Հարավային Կովկասում այդ երթուղու մասին:
Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ մաքսային տարածքի մաս է կազմում, որ նրա տարածքում տեղակայված են ռուսական սահմանապահներ ու երկաթուղային համակարգեր։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղին: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







