Հայաստանն ու Իրանը ստորագրել են գիտության և կրթության ոլորտում համագործակցության հուշագիր, հայտնել է Tehran Times-ը։
Ըստ լրատվականի՝ ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի և Իրանի գիտության և կրթության նախարարներ Ժաննա Անդրեասյանը և Հոսեյն Սիմայի Սարաֆը։ Փաստաթուղթը նպատակ ունի զարգացնել գիտական հետազոտությունները և ուսանողական փոխանակումները, նշել է կայքը։
Հայկական կողմն ընդգծել է երկու երկրների պատմական մտերմությունը և առաջարկել է ընդլայնել գիտական համագործակցությունը համատեղ հետազոտությունների միջոցով։ Անդրեասյանը նաև հայտարարել է իրանագիտության և պարսկերենի դասավանդման ոլորտում նախագծեր մշակելու պատրաստակամության մասին։ Նա նշել է, որ Հայաստանում ստեղծվում է «Ակադեմիական քաղաք» և մշակվում է նոր օրենսդրություն՝ գիտությունն ու հետազոտությունները խթանելու նպատակով։ Նախատեսվում է ներգրավել օտարերկրյա ուսանողների, և Իրանը հրավիրվել է մասնակցելու այս հարցի վերաբերյալ հատուկ համաժողովին։
Սեպտեմբերի 8-ին Իրանի ազգային գրադարանում և արխիվում բացվել էր «Հայկական անկյուն», որտեղ պահվելու է Հայաստանի պատմության և մշակույթի վերաբերյալ 60 գիրք։ Նույն օրը նաև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» հետազոտական ինստիտուտի և Իրանի ազգային գրադարանի միջև։




































