Չինաստանի նախագահ Սի Ծինփինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Պեկինը սատարում է Ադրբեջանի «սուվերեն զարգացման մոդելին», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Չինաստանի ղեկավարը նաև նշել է, որ երկու երկրների միջև կապերը զարգանում են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակով: Նրա խոսքով՝ ՉԺՀ-ի և Ադրբեջանի համագործակցությունն ամրապնդվում է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում:
Ծինփինը նշել է Ադրբեջանի տարածքով չինական ապրանքների տարանցման կարևորությունը։ ՉԺՀ նախագահն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության նշանակությունը՝ կայուն խաղաղության ապահովման համար: Ալիևն, իր հերթին, հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, և երկու երկրների միջև արդեն հաստատվել է խաղաղություն:
Ալիևի խոսքով՝ ՉԺՀ-ի հետ հարաբերությունների զարգացումն Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է: Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն աջակցում է Չինաստանի դիրքորոշմանը Թայվանի, Հոնկոնգի և Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի հարցերում, և որ Ադրբեջանն առաջին երկրներից մեկն է, որը դատապարտել է Թայվանում անցկացված ընտրությունները:
2024 թվականի հուլիսին Չինաստանն ու Ադրբեջանը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր էին ընդունել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







