«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ թվով պատգամավորներ ՀՀ գլխավոր դատախազի նկատմամբ ատելությամբ են լցված, սակայն չեն միանա նրան անվստահություն հայտնելու ընդդիմության նախագծին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «Հայաստան» դաշինքը մտադիր է աշնանային նստաշրջանին դատախազին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։
Թերթը հիշեցրել է՝ դատախազության տարեկան զեկույցի քննարկման ժամանակ իշխող խմբակցության ամեն 2-րդ պատգամավոր Վարդապետյանին «հրահանգում» էր ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և մյուսներին կալանքի տանել։
Սահմանադրության համաձայն՝ Գլխավոր դատախազին կարող է պաշտոնանկ անել ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով՝ օրենքով սահմանված դեպքերում։ Այսինքն՝ գործընթացի համար 54 կողմ ձայն է պետք, մինչդեռ ընդդիմադիրները 34-ն են։






































