Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին «անցյալի ողբերգական իրադարձությունները քաղաքական նպատակներով օգտագործելու» մեջ, երբ վերջինս հայտարարել է հայերի, հույների և ասորիների ցեղասպանության ճանաչման մասին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
«Նեթանյահուն, որը դատարանի առաջ է կանգնել պաղեստինյան ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության մեջ ունեցած իր դերի համար, փորձում է թաքցնել իր և իր կառավարության կատարած հանցագործությունները»,- հայտարարել է պաշտոնական Անկարան։
ԱԳՆ-ն կրկին պնդել է, թե Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը «չի համապատասխանում պատմական և իրավական իրականությանը»։
Օգոստոսի 26-ին Պատրիկ Բեթ-Դևիդի փոդքասթում Նեթանյահուն ճանաչել էր հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները, երբ հաղորդավարն ուղիղ հարցրել էր, թե ինչո՞ւ Իսրայելը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Օսմանյան կայսրության իրականացրած այդ հանցագործությունները։ Նեթանյահուն պատասխանել էր, թե Իսրայելը դրանք իբր արդեն ճանաչել է Քնեսեթի միջոցով, ինչը, փաստացի, այդպես չէ, քանի որ նման բանաձև երբեք չի ընդունվել, և ապա ինքն անձամբ հաստատել է իր ճանաչումը։
Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանն արձագանքել էէ այդ հայտարարությանը՝ նշելով, որ Ցեղասպանության ճանաչման ոգուն համահունչ՝ Իսրայելը պետք է նաև հրապարակայնորեն ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի Հայոց ցեղասպանության ժխտումից և խոչընդոտելու փորձերից։
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը խլել է ավելի քան 1,5 միլիոն մարդու կյանք:
Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջն սկիզբ է առել խորհրդային տարիներից։ 1965թ․ մայիսին Ուրուգվայը դարձել էր առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մեծ Եռեղնը ճանաչել են մի քանի տասնյակ երկրներ՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Լեհաստան, Լիտվա, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա, Հունաստան, Կիպրոս, Լիբանան, Կանադա, Վենեսուելա, Արգենտինա, Վատիկան։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և միջազգային այլ կազմակերպություններ։




































