Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը խուսափել է պատասխանել Բաքվի պահանջով ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու վերաբերյալ Armenia Today-ի հարցին։
Լրագրողների հետ զրույցում նա խորհուրդ է տվել հետևել իշխանությունների պաշտոնական հայտարարություններին և այս թեմայով հարցեր տալ, երբ համապատասխան օրակարգ լինի։ Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ ունի մեկ օրակարգ՝ «ձեռք բերված խաղաղությունն ամրապնդել»։
«Իշխանությունը դրանով է զբաղված։ Ընդամենը 1-2 ամիս առաջ բոլորը գուժում էին Սյունիքի հետ կապված ինչ-որ անհասկանալի ձևակերպումների մասին, և երբ հրապարակվեցին այն փաստաթղթերը, որ կան, բոլորը հասկացան, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն՝ ֆեյք ինֆորմացիաները, որ տարածվում էին, թե իշխանությունը Սյունիքից հատված է տալիս, այդ ամենն ընդամենը ընդդիմախոսներից ոմանց հիվանդ երևակայության արդյունք էր, որն իրականություն չդարձավ»,- ասել է Հակոբյանը։
Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել էր խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է այն կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։
Օգոստոսի 14-ին մամուլը գրել էր, որ Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելու պահանջը կատարելու համար Սահմանադրական խորհուրդն առաջիկայում նոր Սահմանադրություն գրելու ակտիվ նիստեր է անցկացնելու։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 23-ին Անկախության հռչակագիրն անվանել էր «կոնֆլիկտային» և որակել որպես «ԽՍՀՄ-ի ամբիցիաների հարավ-արևմտյան ուղղություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։





































