Սահմանադրական խորհուրդն առաջիկայում նոր Սահմանադրություն գրելու գործընթաց է սկսելու՝ այդպիսով կատարելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով, մասնավորապես, Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելու պահանջը կատարելու համար խորհուրդն առաջիկայում նոր Սահմանադրություն գրելու ակտիվ նիստեր է անցկացնելու։
«Գործընթացը փորձելու են ներկայացնել որպես Հայաստանի հասարակության կողմից իրենց առաջադրված պահանջ»,- ասված է հրապարակման մեջ։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է նաև ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Չնայած երկու երկրների ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը, որի տեքստը հրապարակել են նրանց գլխավորած գերատեսչությունները, Ադրբեջանը չի հրաժարվում ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր պահանջից։ Նույն օրը Բաքուն վերահաստատել էր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր նախապայմանը։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան





































