Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, քննարկել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանը հարցը, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Գրիգորյանն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:




































