«Քաղաքացիական պայմանագրում» անակնկալի եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից՝ պատգամավոր Արսեն Թորոսյանին նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխող թիմում իր աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի՝ ՔՊ-ում զարմացած են «կոռուպցիոն տարաբնույթ կասկածներ առաջացրած Թորոսյանի նշանակումից»։ Նշվում է, որ պատգամավորը ՔՊ-ում գրեթե համախոհ չունի, իսկ խորհրդարանում՝ իրական գործընկեր, աշխատասենյակն էլ մի անկյունում լքված պատժախցի նման մի տեղ է:
«Ակնհայտ նկատելի էր, որ Թորոսյանի հետ քչերն էին շփվում կամ չէին շփվում»,- հավելել է թերթը։
«Հրապարակ»-ը, իր հերթին, գրել է, որ Առողջապահության նախարարի պաշտոնից ազատելուց հետո Փաշինյանն այնքան դժգոհ է մնացել նրա աշխատանքից վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, որ ազատելիս «գրեթե բառացի սպառնացել է, որ նրան գործադիրում երբեք պաշտոն չի տա»։
Թորոսյանն օգոստոսի 20-ին դիմել էր ԱԺ՝ վայր դնելու պատգամավորական մանդատը։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնել էր ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
ArmLur-ի տեղեկություններով՝ Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Մամուլը նաև գրել էր, որ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։




































