Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է ՀՀ նոր դեսպանի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ագրեմանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Միաժամանակ, ԶԼՄ-ն հավելել է, որ Մկրտչյանի մեկնումն ԱՄՆ ուշանում է, պաշտոնական պատճառը հայտնի չէ։
«Իշխանության ներսում միանշանակ չի գնահատվել Մկրտչյանի նշանակումը: Համարում են, որ նա ձախողվել է նախարարի պաշտոնում, և նրան չէր կարելի նման կարևոր երկրում դեսպան նշանակել»,- նշել է թերթը:
Լրատվականը հիշեցրել է, որ դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվել էր 2021թ. օգոստոսի 2-ին՝ չորս տարվա պաշտոնավարման ժամկետով։ Հետևաբար, դեսպանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2025թ. օգոստոսի 2-ին և, փաստացի, նա օգոստոսի 3-ից լիազորված չէ հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից։
Մայիսին մամուլը գրել էր, որ Մկրտչյանը հավակնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնին։





































