ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը վիզաների ազատականացման գործընթացն իրատեսական նպատակ է անվանել Հայաստանի համար: CivilNet-ի հետ հարցազրույցում նա ընդգծել է, որ 2019 թվականից ի վեր ԵՄ-ն նմանատիպ երկխոսություն չի սկսել որևէ այլ գործընկեր երկրի հետ, և 2024 թվականին Հայաստանի հետ բանակցությունների մեկնարկը քաղաքական բացառություն էր:
Դիվանագետի խոսքով՝ Բրյուսելը դրականորեն է գնահատում Հայաստանի կողմից կատարված աշխատանքը:
Հունիսին ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասն այցելել էր Երևան և հայտարարել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծի ավարտի մասին: Փաստաթուղթը քննարկվում է ԵՄ անդամ պետությունների հետ և շուտով կներկայացվի Հայաստանի իշխանություններին և հասարակությանը:
Մարագոսը նշել է, որ այս ծրագրի իրականացումը կորոշի այն ժամկետը, երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ երկրներ։
Հունիսին Հայաստան կատարած այցի ժամանակ ԵՄ բարձրաստիճան դիվանագետն ասել էր, որ Երևանն ու Բրյուսելը երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա են։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է խորացնել գործընկերությունը բոլոր ոլորտներում։
Վիզայի ազատականացման շուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև երկխոսությունը պաշտոնապես սկսվել էր 2024 թվականի սեպտեմբերին։ Վիզաները չեղարկելու համար Հայաստանը պետք է կատարի մի շարք պահանջներ, այդ թվում՝ կենսաչափական անձնագրերի ներդրումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուժեղացումը, իրավապահ համակարգի բարեփոխումը և պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը։






































