Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացմանը:
Բաղայիի խոսքով՝ երկու երկրների համատեղ հայտարարության ստորագրումը նրանց ինքնիշխան որոշումն էր, և ապագա վավերացումը կարող է ապահովել «կայուն անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասում»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ Իրանը ողջունում է տարածաշրջանի երկրների միջև նոր հաղորդակցության ուղիների ստեղծումը, սակայն դա պետք է տեղի ունենա պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելով և «առանց աշխարհաքաղաքական փոփոխությունների»:
«Թեհրանը բացասաբար է վերաբերվում Հարավային Կովկասում օտարերկրյա ռազմական ուժերի տեղակայմանը։ Մենք օտարերկրյա ուժերի ներկայությունը օգտակար չենք համարում և մտահոգություն ենք հայտնել: Մեզ վստահեցրել են, որ տարածաշրջանում զորքեր չեն տեղակայվի: Խաղաղության համաձայնագրի հիմնական կետերից մեկն այն է, որ երրորդ կողմերը չպետք է ռազմական ներկայություն ունենան Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր սահմանի երկայնքով»,- ասել է նա:
Բաղային հավելել է, որ Իրանը ուշադիր հետևում է զարգացումներին և սերտ կապեր է պահպանում երկու երկրների հետ:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Արմենպրես» գործակալության կայքում հոդված էր հրապարակել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան պաշտոնական այցից առաջ։ Հոդվածում դիվանագետը շեշտել է հայ-իրանական սահմանի ռազմավարական դերը, որը ծառայում է որպես «կամուրջ էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության և մարդկային շփումների ոլորտում համագործակցության համար»։
Նա նշել է, որ Իրանը հետևողականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման, ինչպես նաև արտաքին միջամտության անթույլատրելիության սկզբունքների վրա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։




































