ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահների հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանը, մասնավորապես, ներկայացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
Վարչապետը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը տարածաշրջանային նոր որակի համագործակցություն հաստատելու հնարավորություն է ստեղծում։
Քննարկվել են նաև Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի հարցեր՝ մասնավորապես, նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Վարչապետը նշել է, որ այդ պայմանավորվածությունների իրագործման համար մթնոլորտն առավել քան երբևէ նպաստավոր է։
Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել են խաղաղության ցանկության մասին հռչակագիր, ինչպես նաև TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որի զարգացումը կապահովվի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողության ներքո:






































