ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ Անկարան փոխադարձությամբ կպատասխանի Հայաստանի կառավարության բարի կամքին՝ բացելով հայ-թուրքական սահմանը և հաստատելով դիվանագիտական հարաբերություններ։ Կոստանյանն այս մասին խոսել է թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում:
«Մենք կարող ենք հասնել ևս մեկ շատ կարևոր փուլի մեր տարածաշրջանի կայունության և տնտեսական բարեկեցության համար, ինչը կնշանակի, որ կկարողանանք բացել Հայաստանի և Թուրքիայի սահմանը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ»,- հավելել է նա։
Կոստանյանը պատմական է որակել վաշինգտոնյան հռչակագիրը՝ որպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շրջադարձային կետ, որը միևնույն ժամանակ, ըստ նրա, կարող է կարևոր հանգրվան ստեղծել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։
Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել են խաղաղության ցանկության մասին հռչակագիր, ինչպես նաև TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որի զարգացումը կապահովվի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողության ներքո: Հայտարարվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության սահմանափակումների վերացման մասին:
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը հայկական կողմից Ռուբեն Ռուբինյանն է, որը Քըլըչի հետ պաշտոնական հանդիպումներ է ունեցել։ 2024-ին կողմերը պայմանավորվել էին Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել 3-րդ երկրների քաղաքացիների համար, բայց Ռուբինյանը հայտարարել էր, որ այդ հարցում թուրքական կողմից առաջընթաց չկա։ 6-րդը տեղի էր ունեցել 2025-ի ապրիլին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, ուր կողմերը քննարկել էին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:




































